ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայկանուշը

Հայկանուշը
12.05.2015 | 10:02

Գուրգեն

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեր բակում մինչև վաթսուն թվականը մի փոքրիկ, կավաշեն տնակ կար իր պարտեզով և մեկ տասնյակի հասնող մրգատու ծառերով, որը գրավում էր ողջ տարածքի կեսից ավելին: Նրա միակ բնակիչը Հայկանուշն էր, որն այն տարիներին մոտ յոթանասուն տարեկան կլիներ: Մենք բակի երեխաներով Հայկանուշին ամբողջ հոգով ատում էինք: Նրա չարությամբ լեցուն կապույտ աչքերն ամեն անգամ զգալ էին տալիս, երբ մեր կարմիր ներկած ռետինե, դավադիր գնդակը, հերթական անգամ թռչելով մացառապատ ցանկապատից, հայտնվում էր նրա տարածքում: Նա իր օրենքն էր սահմանել առաջին անգամ գնդակը վերադարձնում էր ասելով.
-Այնպես խաղացե՛ք, որ բոստանս չավերեք, կծակե՛մ:
Այդպես էլ վարվում էր Հայկանուշը երկրորդ անգամ. երբ գնդակը հայտնվում էր այգում, դանակով ծակելուց հետո ցանկապատի վրայով շպրտում էր մեզ: Նույնիսկ մեր մայրերի հորդորը նրա վրա ներգործություն չէր ունենում: Մենք էլ ստիպված ծակ գնդակով էինք ֆուտբոլ խաղում մինչև Լենինի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկի խաղալիքի խանութում գնդակ ստանային: Միայն Աստծուն էր հայտնի, թե երբ էր հաջորդ անգամ խանութը գնդակ բերելու: Հավանական է, պետական պլանավորումը հաշվի չէր առնում Հայկանուշի և մեր միջև ծագած ոչ բարիդրացիական փոխհարաբերությունները: Պետպլանի կարծիքով՝ այդ գնդակը հաստատ Հայկանուշի անողոք դանակի տակ չպետք է մտներ:
Այն ժամանակ մենք չէինք հասկանում, թե մեր «անմեղ» գնդակն ինչ ավերածություններ է կատարում տնակի արևմտյան հատվածում գտնվող բոստանում: Նա այգու կենտրոնում հավասար, լավ խնամված փոքրիկ մարգեր ուներ, որտեղ լոլիկ, սմբուկ, պղպեղ, վարունգ էր աճեցնում: Մի քանի տեղ էլ տարբեր կանաչեղեն էր խնամում: Մարգերի կողքին, արեգակի տակ մեծ ու փոքր ապակե տարողությունների մեջ ջուր էր պահում, որպեսզի տնկիների համար Երևանի ջրի սառնությունը մեղմի: Մեր ոտքի հարվածից արագություն ստացած, օդով լեցուն կարմիր գնդակն ո՞ւր կթռչեր, ի՞նչ կաներ, կանխատեսելն անհնար էր: Հաճախ այգում հայտնված գնդակը ջրամաններն էլ էր ջարդում: Բնական էր, որ շատ անգամ էլ այն բերելու համար մենք էինք ցանկապատից ներս անցնում ¥երբ Հայկանուշը մոտերքում չէր¤ և շտապելով, որ նա չնկատի, անգիտակցաբար ոտքի տակ էինք առնում բոստանը: Մեզ համար նրա աճեցրած կանաչեղենն ընդամենը խոտ էր, որի վրայով կարելի էր անցնել: Նա այդ տարածքն էր մեզնից և մեր «անհասկացող» ռետինե կարմիր գնդակից պաշտպանում: Բոստանն ամենայն հավանականությամբ ապրուստի միջոց էր, և իր համար հաստատ կենսական նշանակություն ուներ: Մենք էլ երեխա էինք, նման նրբությունների մեջ բնական է, որ չէինք խորանում: Մեր կարմիր գնդակն էլ, շատ անգամ մեզ չհարցնելով, քմահաճ այս ու այն կողմ էր թռչում, մարդկանց նեղություն, վնաս պատճառում:
Բախտներս բերում էր, երբ Հայկանուշի տանն էր լինում թոռը՝ Դավիթը, որը մեր առաջին իսկ կանչի դեպքում անմիջապես գնդակը տատի բոստանից դուրս էր նետում: Դավիթը մեզնից մոտ տասը տարով մեծ էր, և բնական է, որ մեր ֆուտբոլային ընկերը լինել չէր կարող: Նա տատի այգու խորդանոցում տարբեր կենդանիներ, թռչուններ էր պահում՝ կրիաներ, աղվես, փասիան, երկու աննման, գունագեղ կաքավ ուներ: Աղվեսը լրիվ ձեռնասուն էր և ամեն կիրակի առիթը բաց չէինք թողնում, որ կենդանու հետ խաղայինք, երբ Հայկանուշը տանը չէր լինում: Կիրակիներին նա կոկիկ հագնված, մինչև ուսերը իջնող սև ասեղնագործ գլխաշորը գլխին գցած, հպարտ, տերունական քայլվածքով եկեղեցի էր գնում: Ինչպես հարևաններն էին ասում. «Գնաց Կոնդ, պատարագ լսելու»:
Դավիթը մեր ազգի պարծանքներից մեկի՝ Երվանդ Քոչարի առաջին կնոջից ծնված որդին էր, և հոր նման տաղանդաշատ քանդակագործ: Հազիվ քսանհինգ տարեկան էր, երբ տուֆի երկու մեծ բեկորից քանդակեց արու և էգ առյուծներին, որոնք մինչ օրս զարդարում են Երևանի կենդանաբանական այգու գլխավոր մուտքը: Ինձ հայտնի աշխատանքներից է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի «Եղեռն» անունը կրող, մարմարե խորաքանդակը:
Այդ տարիներին այժմյան Բայրոնի անվան փողոցը նույնիսկ ասֆալտապատ չէր, և նրա մի փոքր մասը Դավիթը քանդակագործական «բացօթյա արվեստանոցի» էր վերածել: Փողոցը բավականին լայն էր, քանզի կոնսերվատորիայի շենքը դեռևս կառուցված չէր: Նրա «արվեստանոցի» տարածքում թափված քարի կտորտանքը չէր խաթարում Երևանի տեսքը, այն տարիներին ողջ քաղաքը մի մեծ շինհրապարակի էր նման: Օպերայի շենքից դեպի Լերմոնտովի ¥այժմ՝ Սայաթ-Նովայի¤ փողոցը նայող խոյակները նոր էին կառուցում, և մուրճը ձեռքերին գրանիտ հղկող տասնյակ քարտաշներ էին աշխատում: Օպերայի պատի տակից լսվում էին գրանիտի մակերեսը կեղեքող հատիչի ծկծկոցն ու համաչափ, նույն պարբերությամբ նրա երկաթե կուռ գլխին իջեցրած մուրճի հարվածից լսվող չխկոցը: Դավիթ քանդակագործի մուրճի ձայնը կորչում էր այդ ընդհանուր շինարարական աղմուկի մեջ: Հենց այդ «բացօթյա արվեստանոցում» էլ նա քանդակեց իր առյուծներին, տուֆի միջից նրանց մկանուտ, ջլապինդ մարմինները կյանքի կոչեց:
Ցավոք, Դավիթը երիտասարդ մահացավ: Անհասկանալի պայմաններում հոգեկան խանգարում էր ստացել: Մեկ օր շարունակ ձայնասկավառակով Վիվալդի էր լսել, մոր հրավիրած բժիշկները հոգեկան խանգարում էին ախտորոշել: Մենք Դավթի հետ շփվում էինք այնպես, ինչպես նրա հիվանդությունից առաջ, և զարմանալին այն էր, որ նա, լինելով ծանր հիվանդ, մինչև կյանքի վերջին օրը մնաց մեր ընկերը և բակի սիրելին: Հոգեկան խանգարումը նրան չէր զրկել բարի, մարդկային հատկանիշներից:
Հայկանուշի տնակը մեր բակում քանդեցին: Նա արտասվալից աչքերով, սևազգեստ, կեղեքիչ կսկիծը սրտում, իր այգուց և հոր կալվածքի վերջին մասնիկից անխոս բաժանվեց: Բակում լռություն տիրեց, նույնիսկ մենք հասկացանք, որ Հայկանուշն իր կյանքի ցավալի պահերից մեկն է ապրում:
Նրան մեկսենյականոց բնակարան հատկացրին Աջափնյակում: Մեզնից տարիքով մեծ տղաները՝ Ավոն, Ալիկը, Դերենիկն օգնեցին Հայկանուշին, նրա սակավաթիվ իրերը նոր բնակարան տեղափոխեցին: Նրան մենք այլևս չտեսանք: Մեր բակը այլ կերպարանք ընդունեց, այն բարեկարգեցին: Տարօրինակն այն էր, որ Հայկանուշի գնալուց հետո նրա այգու պտղատու ծառերը երկար կյանք չունեցան, հերթով չորացան:
Տարիներ անց իմացանք, որ Երևանի Լոռու այգուց մինչև Հաղթանակի կամուրջ հասնող հողերը, շինությունները, այսինքն՝ հին Երևանի կենտրոնի մի մասը, Հայկանուշի կալվածատեր հոր սեփականությունն էին եղել: Բոլշևիկներն իշխանության գալուն պես Հայկանուշենց ողջ ունեցվածքը բռնագրավել էին: Հաջորդ օրը գիշերով ծնողներին սև կառքով տարել էին անհայտ ուղղությամբ, նրանք այլևս չէին վերադարձել:
Հայկանուշի քույրը, հարազատներն էլ իրենց ապահովագրելու համար անցել էին Պարսկաստան: Նա չէր գնացել, մնացել էր Երևանում՝ ծնողների վերադարձին էր սպասել:
Փաստորեն, մեր բակի խրճիթը Հայկանուշ մայրիկի հոր կալվածքների պահակատունն էր եղել, որտեղ և նա հանգրվանել էր, քանզի ուրիշ սեփականություն չուներ:
Իհարկե, հետո հասկացանք, որ ծանրագույն հիշողություններն էին նրան դաժանացրել, նույնիսկ մեր ռետինե, անողոք և կարմիր գնդակի հանդեպ թշնամի դարձրել: Մենք բնակվում, խաղում էինք նրա պապենական հողի վրա առանց իր և անհայտ կորած ծնողների թույլտվության: Չհաշված այն, որ չարչարանքով գցած բոստանն էլ ոտքի ու կարմիր գնդակի տակ էինք տալիս:
Հայկանուշ մայրիկը մահացավ մոտ իննսուն տարեկանում: Աջափնյակի նոր հարևանները պատմել էին, որ այդ օրը, պառկած, դողդոջուն, չորացած ձեռքը մեկնած դեպի պատուհանը, ասել էր.
-Վերջապես աղոթքս երկինք հասավ, այն նույն սև ֆայտոնով ծնողներիս հետ բերեցին, նրանց ազատել են: Հայրս, մայրս այժմ ներքևում կանգնած ինձ են կանչում: Մինչ հեռավոր ճամփան, պետք է միասին գնանք Էջմիածին, մոմ վառենք, նրանց հետ է նաև վաղամեռիկ Դավիթս: Խնդրում եմ՝ տոնական շորերս հագցրեք, մազերս հարդարեք, գլխաշորս, գլխաշորս տվեք …,- և խոսքն անավարտ, դեպի պատուհանը մեկնած ձեռքն ուժասպառ ընկել էր մահճակալին: Հայկանուշ մայրիկը տառապած հոգին ավանդել էր:

Դիտվել է՝ 174112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ